Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Բնական մեղրի սննդարար և բուժիչ հատկությունները մրցակից չունեն: Դարեր շարունակ մեղուներն ապշեցնում են նեկտարի և ծաղկափոշու բաղադրության մեջ մտնող հազվագյուտ արժեքավոր նյութերի իրենց «իմաստուն» ընտրությամբ, նյութեր, որ նրանք հավաքում են իրենց բյուրավոր թռիչքների ժամանակ:
Մեղրը կարող է լրացնել առօրյա սնուցման մեջ տեղ գտած ցանկացած բացը: Մեղրի սննդային արժեքներին քաջատեղյակ մարդիկ ավելի են հակված նրա կանոնավոր օգտագործմանը, քան նրանք, ովքեր մեղրի մասին ունեն բավական աղոտ պատկերացում:
Մեղրը բուրավետ, համեղ, մեծ կալորայնությամբ, բուժական հատկություններով օժտված սննդամթերք է:
Մեղուները մեղրն արտադրում են մեղրատու բույսերի նեկտարից (ծաղկային մեղր), մեղրաբույր ցողից, որը գոյանում է ծառերի տերևների վրա կամ որոշ միջատների շաքարային արտադրանքից (ցողամեղր):
Ծաղկային և ցողային մեղրերը բնական ծագում ունեն: Սովորաբար մեղուները մեղրը կուտակում են մեղրամոմի մեջ, որտեղ այն հասունանում է: Այդ ընթացքում նրա մեջ պարունակվող ջրի քանակը պակասում է. տեղի են ունենում սախարոզայի փոխակերպում և մի շարք քիմիական գործընթացներ: Դրանից հետո մեղուները հասունացած մեղրը «կնքում են» մեղրամոմի կափարիչներով: Դա խորիսխամեղրն է, որը համարվում է առավել արժեքավոր մթերք:
Մեղրի արժեքը որոշվում է նրա կալորայնությամբ (100 գ` 315-330 կկալ) և քիմիական բաղադրությամբ. որը ենթակա է զգալի տատանումների` կապված մեղրատու բուսականության տեսակից. մեղվաբուծարանի տեղանքից և կլիմայական պայմաններից:
Մեղրի հիմնական բաղադրամասը շաքարի` գլուկոզայի (56%), ֆրուկտոզայի (37%) և սախարոզայի փոխակերպված խառնուրդն է: Բացի այդ, մեղրի բաղադրության մեջ մտնում են ջուր, հանքային նյութեր, օրգանական թթուներ, դեկստրին, ազոտական, բուրավետ և ներկող նյութեր, վիտամիններ, ֆերմենտներ, ծաղկափոշի, գրեթե 60 տարբեր նյութեր:
Վիտամինների (B1, B2, B3, B6, PP, P, C, K, E) առկայությունը պայմանավորված է ծաղկափոշու պարունակությամբ: Օրգանական թթուները հանդես են գալիս խնձորաթթվի, լիմոնաթթվի, թրթնջկաթթվի, ֆերմենտները` ամիլազայի (դիաստազա), ինվերտազայի, կատալազայի և թթու ֆոսֆատազայի, հանքային նյութերը` կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, ֆոսֆորի, մանգանի, ալյումինի, պղնձի, արճճի, տիտանի, մոլիբդենի տեսքով և այլն:
Մեղրի բուրմունքը պայմանավորված է եթերայուղով, գույնը` քլորոֆիլային, կարոտինային նյութերի տարրալուծմամբ: Բացի այդ, մեղրն օժտված է հակամանրէային և բուժական արտահայտված հատկություններով, որոնց շնորհիվ լայնորեն օգտագործվում է որպես հակաբորբոքային, մանրէասպան, ցավազրկող, հյուսվածքների վերականգնման գործընթացը խթանող, մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման միջոց:
Նշելով մեղրի դրական հատկանիշները, չպետք է մոռանալ, որ այն կարող է դառնալ դյուրազգացության, ալերգիկ ռեակցիաների կամ օրգանիզմի ընդհանուր թունավորման պատճառ: Օրինակ, եթե սննդում օգտագործվում է հավամրգային բույսերի (ռոդոդենդրոն) ծաղկափոշու մեղրը, գարգանում են ալկոհոլային թունավորման ախտանիշներ (նողկանքի զգացում, փսխում, սառը քրտինք, էյֆորիա` հիվանդագին բարձր տրամադրություն), այդ պատճառով նման մեղրն անվանվել է ՙհարբեցուցիչ՚: Եթե այն 3 ժամ տաքացվի 80-90 ջերմասիճանի պայմաններում, կդառնա անվտանգ և ենթակա է օգտագործման: