Բուժում է կաթնաշոռը

Կաթնաշոռն ունիվերսալ սննդամթերք է, որն օգտակար է բոլորին` անկախ սեռից և տարիքից։ Կաթնաշոռի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց և օրգանիզմին անհրաժեշտ բոլոր` օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները, որոնցից մեկը մետիոնինն է։ Օրգանիզմում հաճախ է նկատվում մետիոնինի սակավություն, այնինչ այդ ամինաթթուն կարգավորում է ճարպերի փոխանակումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը։

Կարևոր է իմանալ, որ կաթնաշոռի սպիտակուցներն անհամեմատ լավ են յուրացվում, քան կաթի մեջ պարունակվողները։

Կաթի համեմատությամբ կաթնաշոռն ունի մի շատ կարևոր, օգտակար առանձնահատկություն` այն չի պարունակում կաթնաշաքար (նույն ինքը` լակտոզա)։ Հայտնի է, որ կան մարդիկ, ովքեր ունեն անհատական անընկալություն կաթի նկատմամբ, քանի որ նրանց օրգանիզմում բացակայում է լակտոզան տրոհող խմորիչը` լակտազան։

Կախված պատրաստման եղանակից` կաթնաշոռը կարող է պարունակել կես տոկոսից մինչև 18 տոկոս կաթնային ճարպեր։

կաթնաշոռ
Կաթնաշոռ պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ

Օգտակարության  մասին

Ժամանակակից հետազոտություններն ապացուցում են, որ կաթում պարունակվող ճարպերի մեջ հայտնաբերվել են լինոլենային ճարպաթթուների իզոմերներ, որոնք կանխարգելում են սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացումը և զարգացումը, կարգավորում են ճարպերի փոխանակման գործընթացը և մարմնի զանգվածի փոփոխությունը, պաշտպանում են օրգանիզմի բջիջները քաղցկեղի որոշ տեսակներից։

Ժամանակակից սննդաբաններից շատերը խորհուրդ են տալիս ուտել օրը 100-150 գ կաթնաշոռ, որի յուղայնությունը պետք է հավասար լինի չպաստերիզացված կաթի յուղայնությանը, բացառությամբ մեկ դեպքի. ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող հիվանդներին թույլատրվում է ուտել միայն անյուղ կաթնաշոռ։

Կաթնաշոռն օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, հոդատապի, լուծով ուղղորդվող կոլիտի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռը պարունակում է զգալի քանակությամբ կալցիում (մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ), որն անհրաժեշտ է տուբերկուլյոզով հիվանդներին։

Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը:

 

Ինչի՞ մասին է պետք հիշել

Կաթնաշոռը պարունակում է և բավարար քանակությամբ կենդանային ճարպեր, որոնք նպաստում են լյարդային ծորանների «փակվելուն»: Դրա համար կաթնաշոռի կանոնավոր օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել այնտեղ մի քիչ բուսական յուղ: Ավելի լավ է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ սպիտակուցի բարձր խտության պատճառով, կաթնաշոռը չի հանդիսանում մթերք, որը թեթև է մարսողության համար: Նրա յուրացման համար պահանջվում է աղեստամոքսային տրակտի բոլոր օրգանների մեծ աշխատանք: Պետք է հետևել չափավոր օգտագործմանը, այսինքն օրը 1 տուփից (200գ) ոչ ավել: Հիվանդ երիկամներով և կաթնային սպիտակուցից ալերգիայով մարդկանց կաթնաշոռը ընդհանրապես հակացուցված է: