Գաղտնիք չէ, որ…

Արդեն ավելի քան 7500 տարի մարդկությունն օգտագործում է կաթը՝ որպես էներգիայի աղբյուր: Գիտնականները կարծում են, որ առաջինը կաթ սկսել են օգտագործել Կենտրոնական Եվրոպայում և Բալկաններում ապրող ազգերը: Հավանաբար, այսպիսով մեր նախահայրերը բնազդաբար փնտրել են ֆոսֆորի, կալցիումի, և D վիտամինի լրացուցիչ աղբյուր:

Սովորաբար եվրոպացիները շատ են կաթ խմում: Օրինակ՝ Ֆրանսիայում տարվա կտրվածքով օգտագործվում է 429 լ. կաթ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 286 լ.:

Բացի վիտամիններից, հնագույն մարդիկ կաթից ստանում էին նաև կենդանական ճարպեր, որը հիանալի վառելանյութ էր հանդիսանում: Կաթը լավ էր նաև նրանով, որ այն կարելի էր խմել երբ ջուրը վատ որակի էր: Հազարամյակների ընթացքում կաթ սկսեցին խմել ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները: Հետազոտողները պնդում են, որ կաթի օգտագործման շնորհիվ եվրոպացիների օրգանիզմը փոփոխության է ենթարկվել: Օրգանիզմում սկսվել է արտադրվել ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են կաթնաշաքարի յուրացման համար: Ահա, թե ինչու մենք կարող ենք հանգիստ լինել կաթ և կաթնամթերքներ օգտագործելու հարցում: Աֆրիկայի և Ասիայի որոշ ազգերի մոտ այս ֆերմենտները բացակայում են, հետևաբար կաթը նրանց համար կիրառելի չէ:

Մինչ վերջերս Արևելքում նույնպես կաթը քիչ տարածվածություն ուներ: Օրինակ՝ Չինաստանում կաթ սկսել են ավելի շատ օգտագործել 1999 թվականից հետո, երբ մանկական սննդի մեջ կաթի օգտագործման պահանջն ամրագրվեց պետականորեն: Չինաստանի բժիշկները որոշեցին, որ այլ երկրներում երեխաներն ավելի արագ են աճում շնորհիվ կաթ ու կաթնամթերք օգտագործելու:

Հնդկաստանում կաթն իսկական պաշտամունք է: Հնագույն փիլիսոփայական աշխատությունները պատմում են, որ այն մարդն, ով կաթ է խմում, ցուցաբերում է բարություն, հոգատարություն և սեր: Կաթ խմելու համար կա հստակ ժամանակ՝ առավոտյան՝ 06:00-ից 09:00-ը և երեկոյան՝ 18:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում: