Ղանձիլ — բուժիչ հատկություններն ու կիրառման եղանակները

Լոռվա խոտաբույսերը մեր կայքում՝ Ղանձիլ (Մաս 2)

Բույսի նկարագրին ծանոթացեք այստեղ:

Բուժման նպատակով կիրառվում է ղանձիլի ամբողջ վերգետնյա մասը` սոխարմատի հետ միասին: Այն հավաքում են մայիսի կեսերից, երբ դեղաբույսը սկսում է կոկոնակալվել: Փայտացած բույսը կիրառման համար պիտանի չէ: Հումքը չորացնում են ստվերում` միջանցուկ քամու տակ: Դեռևս Հին Հռոմում ղանձիլը համարվել է ստամոքսաաղիքային տրակտը մաքրող միջոց: Ներկայումս էլ ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է «արյունը մաքրող» միջոց և օգտագործվում է մաշկային մի շարք ախտահարումների և գեղձային որքինի ժամանակ: Տերևների ջրաթուրմն առաջարկվում է ջերմերի, լնդախտի և ցրտառական մի շարք հիվանդությունների ժամանակ: Հում վիճակում ուտում են աթերոսկլերոզի և ճիճվակրության դեպքերում, իսկ ոգեթուրմը քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին, ըմպում հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների ժամանակ: Միջին ականջի թարախային բորբոքումների դեպքում թարմ բուսահյութը կաթեցնում են ականջի մեջ: Կովկասում դեղաբույսն օգտագործում են աղիների ինֆեկցիոն ախտահարումների բուժման ընթացքում:

cheremsha6 Հայկական ժողովրդական բժշկության մեջ ղանձիլն օգտագործվում է հիմնականում ախորժակը լավացնելու, օրգանիզմը կազդուրելու և ուժերը վերականգնելու նպատակով:

Բուլղարիայում ղանձիլը օգտագործվում է մարսողական տրակտի սուր և քրոնիկական խանգարումների, հատկապես լուծի, վատ ախորժակի, աղիների ինֆեկցիոն ախտահարումների դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության (հատկապես գլխապտույտով և անքնությամբ ընթացող) բուժման նպատակով: Հոմեոպաթները ղանձիլն օգտագործում են որպես միզամուղ, ստիմուլող, հակաջերմային և հականեխիչ միջոց: Փորձնական պայմաններում հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ ֆիտոնցիդային, մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ներգործող հատկությունները: Թարմ հյութը` 1/200-ի նոսրացումով, կործանարար է ներգործում ոսկեգույն ստաֆիլակոկի և աղիքային ցուպիկի վրա, միաժամանակ առաջ բերելով արյան անոթների որոշակի նեղացում: Հիմնավորված է, որ ղանձիլը ֆիտոնցիդային ակտիվությամբ զգալի չափով գերազանցում է սխտորին:

 Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է որպես հակալնդախտային և հակասկլերոտիկ միջոց: Նրանից ստացվել են ուրսալ և ուրսալին դեղամիջոցները: Ուրսալը բույսի սոխարմատի և արմատների եթերային մզվածքն է, քիչ պղտոր, դեղնականաչավուն տեսքով, սխտորի բնորոշ հոտով. օգտագործվում է տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար` հեշտոցային տամպոնների ձևով: Ուրսալինը բույսից ստացվող եթերայուղն է, այն մուգ դեղնավուն, յուղային հեղուկ է և օգտագործվում է թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի և պառկելախոցերի բուժման համար: Պատրաստուկը բաց է թողնվում դեղատներում 0,3%-անոց վազելինային քսուքի ձևով: Ղանձիլի թարմ հյութը` 1/50-ի ջրային նոսրացումով, ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք վերին շնչուղիների սուր բորբոքումների, տրախեիտների և բրոնխիտների ժամանակ: leeks-dtՀիվանդների մի մասը (ստուգիչ խումբ) ստացել է միայն հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, իսկ մյուս մասը, բացի այդ դեղամիջոցներից, նաև բուսահյութի ինհալացիան: Վերջինս ընդունվել է ամեն օր, 2-3 անգամ, 10 րոպե տևողությամբ, ընդամենը 1 շաբաթ: Նշենք, որ դեղաբույսի արտահայտված հակաբորբոքիչ, մանրէասպան հատկությունների շնորհիվ, հիվանդների մոտ, ստուգիչ խմբի հետ համեմատած, ավելի շուտ է վերացել հազը, քթային լորձահոսությունը, գլխացավը, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել ջերմությունը, նորմալացել արյան պատկերը: Եթե ստուգիչ խմբի հիվանդների բուժման միջին տևողությունը կազմել է 11 օր, ապա այս խմբի հիվանդներինը եղել է ընդամենը 7 օր: Ղանձիլը պահածոացված վիճակում օգտագործել ենք նաև ընտելացված փորկապությամբ տառապող հիվանդներին բուժելու համար: Հիվանդներն օրվա ընթացքում այն ընդունել են 100-200 գ չափով, 1 շաբաթ տևողությամբ, սովորական սննդի պայմաններում: 13 հիվանդներից 8-ի մոտ նկատվել է լավ արդյունք. սկսել են կանոնավոր գործել աղիները, մեղմացել կամ վերացել են քրոնիկական փորկապության հետ կապված մի շարք հիվանդագին երևույթներ (փորի բքնածությունը, ցավերը, ապատիկ վիճակը, գլխացավերը, շուտ հոգնածությունը և այլն):

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ չոր հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար չոր հումքը 1/10-ի հարաբերությամբ խառնում են 60° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, ապա ընդունում 30-ական կաթիլ` օրական 3 անգամ: Բուսահյութ ստանալու համար դալար հումքը անց են կացնում մսաղացով, ապա քամում մառլյայով: Սառնարանում պահելիս պիտանի է օգտագործման համար շուրջ 3 ամիս:

Շարունակելի…