Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Լոռվա խոտաբույսերը մեր կայքում՝ Ղանձիլ (Մաս 1)
Հայկական բարբառային տարանուններն են — արջասխտոր, խալիար, սխտորուկ, վայրի սխտոր
ռուսերենում բույսը կոչվում է Черемша, լատիներենում՝ Allium ursinum L.
Դեղաբույսի նկարագրությունը: Սոխազգիների ընտանիքին պատկանող, 20-50 սմ բարձրության, ուղղաձիգ ցողունով, սխտորի բնորոշ հոտով բազմամյա խոտաբույս է: Ունի ցանցանման, երկարավուն սոխարմատ, նշտարաձև տերևներ մանր, սպիտակ-կանաչավուն ծաղիկներ: Պտուղը սև սերմերով տութիկ է: Մեր հանրապետությունում տարածված տեսակներից` արջասխտորը և հաղթականը, հարուստ են ֆիտոնցիդներով և ունեն բուժական նշաակություն (Ս. Յա. Զոլոտնիցկայա, Գ.Խ. Աղաջանյան): Դեղաբույսը ծաղկում է հունիս-հուլիս, իսկ պտղակալում հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով, որոնց տարածման գործում մեծ դեր են խաղում մրջյունները: Ձմեռում է լավ, պտղակալում` կանոնավոր: Ղանձիլը հանդիպում է մեր հանրապետության բարձր լեռնային, անտառային և անտառատափաստանային գոտիների խոտհարքներում, արոտատեղերում, խամահողերում, հիմնականում` Կիրովականի, Դիլիջանի և Իջևանի շրջաններում, մինչև 2600 մ ծովի մակերևույթից բարձրության վրա, հաճախ հոծ բուսուտներով:
Ցեղի «ալլիում» անունը կելտական ծագում ունի, որը նշանակում է կծու, իսկ «ուրսինուսը»` արջ, այն նկատառումով, որ դանձիլը հաճախ աճում է արջերի բնակման վայրերում:
Քիմիական բաղադրությունը: Ամբողջ բույսը պարունակում է 100-730 մգ% C վիտամին, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, գլիկոզիդ ալանին, 6,5% շաքար, սխտորի բնորոշ հոտով եթերայուղ, սպիտներ, լուծվող հանքային և անազոտ, էքստրակտային նյութեր, լիզոցիմ, ֆիտոնցիդներ, մերկապտանի հետքեր, յոդ: Եթերայուղի հիմնական մասերն են վինիլսուլֆիդն ու պոլիվինիլսուլֆիդը:

Օգտակար հատկանիշները: Ղանձիլը բնակչության լայն խավերին հանրածանոթ ուտելի բույս է. ուտում են սոխարմատը, տերևներն ու ցողունը` հում, եփած, թթու դրված և մարինադի ձևով: Վաղ գարնան ամիսներին բույսը կարող է ծառայել որպես վիտամինային աղբյուր, իսկ որպես համեմունք ավելացվում է մսով ճաշերին: Անգլիայում թթու ղանձիլը համարվում է արտահանման մեծ պահանջարկի մթերք: Սիբիրում նրանից պատրաստում են շչի, թխում կարկանդակ: Շնորհիվ ֆիտոնցիդների, ղանձիլը կանխում է մսի նեխումը, ոչնչացնում կարտոֆիլի, եգիպտացորենի և խաղողի որոշ հիվանդությունների հարուցիչներին: Միաժամանակ այդ ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը:
Շարունակելի (բժշկական հատկություններն ու կիրառման եղանակներ)