Սինդրիկ

Բույսի բնութագիրը՝

Սինդրիկը (լատ. Polugonatum) ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, հաստ կոճղարմատով 15-45 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է: Տերեւները նշտարաձեւ են, պտուղը սեւ է կամ կապտավուն: Աճում է խոնավ, ստվերոտ ու քարքարոտ տեղերում, ծաղկում է վաղ գարնանը, բազմանում է սերմերով (որոնք թունավոր են) ու կոճղարմատով: Տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի անտառներում, ալպյան և ենթալպյան գոտիներում, 1500-2200 մ բարձրության վրա։

147555_640
Այս օգտակար բույսը պատվիրելու համար սեղմե՛ք նկարին

Սինդրիկը տարբեր բարբառներում անվանում է կցմծուկ, սամնտրուկ, սանդրուկ, սնդրիկ, սնդրուկ, Սողոմոնի կնիք, քրմնցուկ։: Ամիրդովլաթն անվանում է պոլուղունաթին, որը բույսի լատիներեն անունն է: Սողոմոնի կնիք է կոչվում, քանի որ կոճղարմատի վրա կան կնիքաձեւ փոսիկներ: Արմատից սոսինձ են ստանում (ծեծում են ու ստացված խեժանման զանգվածը գործածում): Հավաքում են վաղ գարնանը եւ անպայման վաղ առավոտյան, քանի որ օրվա ընթացքում կոշտանում է: Սինդրիկի համար ասում են` առավոտյան կույս աղջիկ է, կեսօրին` հարս, երեկոյան` պառավ կին:

Օգտակար հատկությունները՝
Ժողովրդական բժշկության մեջ մեծ կիրառություն ունեցող բույս է, գործածում են կոճղարմատը, որը հավաքում են ամռանը եւ չորացնում, տերեւներն ու մատղաշ ընձյուղները: Սինդրիկն ունի արյունն ու ստամոքսը մաքրող հատկություն, կիրառում են նաեւ կոսմետիկ նպատակներով: Տրորած կոճղարմատն ու տերեւները դնում են թարախապալարների ու բորբոքային ուռուցքների, կոտրվածքների վրա, խաշած սինդրիկը եւ թուրմը արյան մեջ իջեցնում է շաքարի պարունակությունը:

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագործում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ։ Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց։ Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացումների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ։ Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն։ Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում։

Ինրպե՞ս պատրաստել
Սննդի մեջ գործածում են մատղաշ թարմ ընձյուղները (ապրիլ-մայիս ամիսներին):

1. Տապակում են. խաշում են, քամում ու տապակում յուղով (ձեթով) ու ձվով:синдрик1

2. Աղցան են պատրաստում. խաշում են, քամում եւ համեմում աղով ու քացախով:

3. Թթու են պատրաստում. քիչ ջրում խաշում են, հովանալուց հետո կապեր են անում ու դարսում պտուկի մեջ: Ավելացնում են սառը աղաջուր: Երբեմն մի քիչ քացախ են ավելացնում: Պտուկի բերանին մի քանի կտոր կոշտ աղ են դնում, որպեսզի հետզհետե հալվի:

Հետաքրքիր փաստեր

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը («պոլուղունաթին» անվան տակ), մաքրում է մեզը և ստամոքսը։ Արմատը` շաղախվածշաքարի կամ մեղրի հետ, ուժեղացնում է արգանդի կծկումները։ Իսկ Շահրիմանյանը նշում է, որ դեղաբույսը («սանդրուկ» անվան տակ) օգտագործվում է Հայաստանում որպես կերակուր, միաժամանակ այն շատ օգտակար է ստամոքսին և ներքին օրգաններին։ Ըստ Ա.Ա. Գրոսգեյմի, կոճղարմատի հյութը դեմքին քսելիս կարմրեցնում և նրբացնում է դեմքի մաշկը, իսկ նրա թուրմն ունի դեմքն արևահարությունից պաշտպանելու հատկություն։ Սակայն բույսի սերմերը, մասամբ նաև մյուս մասերը, թունավոր են։ Արածելու ընթացքում պատահմամբ ուտելով` անասունները թունավորվում են, որի հետևանքով առաջ է գալիս սրտի աշխատանքի թուլացում, շնչառության դանդաղում, հաճախամիզություն, փորլուծություն և այլն։ Դեղաբույսն օժտված է հակամիկրոբային ակտիվությամբ։

Հաշվի առնելով սինդրիկի ախորժակ գրգռող հատկությունը` Կ. Ս. Մարջանյանի հետ համատեղ, գիտնականները չորացրած ընձյուղների եփուկը` 4,0-200 մլ չափով` որպես փորձնական նախաճաշ` օգտագործել են առողջ և ստամոքսային հիվանդություններով (քրոնիկական գաստրիտներ և խոցային հիվանդություն) հիվանդների մոտ. ստացված տվյալները` համեմատության մեջ դնելով պրակտիկայում լայնորեն կիրառվող Էրմանի և Լեպորսկու նախաճաշերից և հիստամինային դրդումից ստացված ցուցանիշների հետ, պարզվել է, որ սինդրիկի եփուկն անհամեմատ ավելի ուժեղ է դրդում ստամոքսահյութի արտազատությունը, նրա կարևոր բաղադրատարրերը (աղաթթուն,պեպսինը, գաստրոմուկոպրոտեինները) և ստամոքսի որոշ այլ ֆունկցիաներ (էվակուատոր, էլիմինացիոն), քան էթիլսպիրտը կամ կաղամբահյութը և այս հատկությամբ մոտենում է հիստամինի ներգործությանը։ Սինդրիկի ազդեցության տակ միաժամանակ գրանցել ենք ստամոքսի շարժիչ ֆունկցիան։

синдрикՊարզվել է, որ ելքային թերսեկրետոր, հիպոկինետիկ պայմաններում, սինդրիկի ներգործության տակ, հյութի քանակի և նրա բաղադրատարրերի նորմալացման ֆոնի վրա հաճախ նկատվել է հիվանդների ստամոքսի շարժիչ ֆունկցիայի նորմալացում։ Ըստ որում` խոցային հիվանդության և գերսեկրետոր գաստրիտների պայմաններում սինդրիկի ազդեցության տակ թեև նկատվել է շարժիչ ֆունկցիայի որոշակի արգելակում, սակայն սեկրեցիայի կողմից դեպի լավը ոչ մի փոփոխություն չի արձանագրվել։

Գիտնականները եզրահանգել են, որ սինդրիկն ունի ստամոքսի սեկրեցիան դրդող առավել ուժեղ ներգործություն, քան կաղամբահյութը կամ էթիլսպիրտը, ուստի այն լայնորեն կարելի է կիրառել փորձնական նախաճաշի ձևով` ստամոքսային հիվանդությունների ախտորոշման բնագավառում, քանի որ այն մատչելի է և բացարձակապես անվնաս օրգանիզմի համար։ Միաժամանակ նրանք առաջարկել են եփուկի ձևով սինդրիկն օգտագործել ստամոքսի թերֆունկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ` որպես սեկրեցիան և նրա կարևոր բաղադրատարրերը դրդող միջոց։