Զատկի ավանդույթներ

Զատիկ կիրակի եկեղեցու բակում և նաև Զատկի շրջակա օրերին, մանուկները (ինչպես և մեծերը) «հավկիթ են խաղում»։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկիթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկթին։ Հետո խաղը կրկնվում է նույն հավկիթների մյուս ծայրերով՝ բայց այս անգամ առաջինն է իջեցնողը և երկրորդը՝ պահողը։ Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն։ Եթե ամեն հավկթի մի ծայրն է կոտրվում, ապա մեկ անգամ ևս խաղում են հավկիթների անվնաս ծայրերով, որպեսզի որոշվի հաղթողը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։