Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Տնային պայմաններում կաթի որակի ստուգման համար բարդ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտություն չկա: Բավական է միայն կենցաղում օգտագործվող որոշ պարագաներ:
Սպիրտ
Սպիրտի միջոցով կարելի է ստույգ որոշել կաթը նոսրացված է ջրով, թե ոչ: Անհրաժեշտ է 1 մաս կաթին ավելացնել 2 մաս սպիրտ, որից հետո պետք է ստացված զանգվածը մեկ րոպեի ընթացքում ակտիվորեն թափահարել: Այնուհետև, ստացված զանգվածը լցնել ափսեի մեջ և ուշադիր հետևել, թե որքան ժամանակ հետո է զանգվածի մեջ սպիտակ փաթիլներ առաջանում: Արագ առաջացող փաթիլները խոսում են կաթի բարձր որակի, յուղայնության մասին, իսկ դրանց դանդաղ առաջացումը խոսում է կաթի մեջ ջրի լրացուցիչ քանակի առկայության մասին:

Տաք ջուր
Տաք ջրով բաժակի մեջ լցնել կաթի փոքրիկ քանակություն: Որակյալ կաթը սպիտակ գնդի տեսքով բարձրանում է բաժակի վերևի մաս, իսկ ջրով խառնված կաթը գրեթե ամբողջությամբ լուծվում է բաժակում:
Ֆիլտրաթուղթ
Անհրաժեշտ է ֆիլտրաթղթի վրա կաթի փոքրիկ քանակություն կաթեցնել: Շատ կարևոր է, որ այն լինի փոքր չափի և ուռուցիկ: Արդյունքի հավաստիության համար կարելի է մի քանի նման կաթիլներ անել: Ֆիլտրաթղթի ծակոտկեն կառուցվածքի շնորհիվ կաթի մեջ առկա ջուրը սկսում է ներծծվել՝ թղթի վրա կաթիլի շուրջ ձևավորելով խոնավ օղակ:
Ջրով չնոսրացված կաթի կաթիլն իր շուրջ ձևավորում է 1 մմ հաստությամբ խոնավ օղակ, որը սենյակային ջերմաստիճանում չորանում է մոտավորապես 2 ժամում: Կաթի մեջ 10% ջրի խառնուրդի առկայության դեպքում կաթիլի շուրջ ջրի օղակը ավելի լայն է և չորանում է մոտավորապես 1 ժամում, իսկ 30%-ի դեպքում՝ 10-15 րոպեում:
Լակմուս
Կաթի մեջ սոդա ավելացնում են կաթի թթվությունից խուսափելու և պահպանման ժամանակահատվածը երկարացնելու համար: Սոդայի առկայությունը տնային պայմաններում կարելի է ստուգել լակմուսի թղթի միջոցով. լակմուսի թուղթն իջեցնել կաթով բաժակի մեջ: Սպասել 1-2 րոպե, այնուհետև ուշադիր հետևել լակմուսի թղթի գունային փոփոխությանը: Եթե լակմուսի թուղթը կապույտ երանգ է ստացել, ապա կարելի է փաստել, որ կաթի մեջ առկա է սոդա կամ այլ հավելումներ: Լակմուսի թուղթը կարմիր գույն է ստանում թթվային միջավայրի առկայությամբ: Եթե լակմուս թղթի գույնը չի փոխվում, ապա կարելի է վստահ լինել, որ կաթի մեջ որևէ հավելումներ չկան:
Յոդ
Կաթի մեջ օսլայի առկայությունը, որն ավելացնում են կաթին որոշակի խտություն տալու նպատակով, կարելի է ստուգել յոդի լուծույթի միջոցով: Անհրաժեշտ է մեկ բաժակ կաթի մեջ մի քանի կաթիլ սպիրտային յոդի լուծույթ ավելացնել: Եթե կաթը կապույտ երանգ է ստանում, ապա կարելի է փաստել դրանում օսլայի առկայության, իսկ դեղնաշագանակագույնի դեպքում՝ դրա բացակայության մասին:
Սենյակային ջերմաստիճանում թողնված բնական և առանց հավելումներով կաթը մեկ օրվա ընթացքում թթվում է: Կաթը չի թթվում, երբ նրանում առկա է մեծ քանակությամբ քիմիական հավելումներ: