Posted on

Մեղրի գույնից եւ բույրից որոշեք նրա բուժիչ հատկությունները. /www.aravot.am/

Vidy-meda
Աշնանը տոնուսը բարձրացնող, որպես կազդուրիչ միջոց շատերն առավոտյան օգտագործում են մեղրաջուր: Հայտնի է, որ մեղրի ներգործությունն ավելի արագ եւ արդյունավետ է, երբ այն անարատ է լինում: Տարբերելու համար կարող եք հիշել, որ մեղրը ծորացնելիս չպետք է հոսքը կտրվի եւ ծալք-ծալք հավաքվի ամանի մեջ, կամ մեղրի ամանի մեջ փոքրիկ լավաշի կտոր դնել եւ եթե այն չոր մնա ու չփափկի` ուրեմն մեղրն անարատ է: Բացի մեղրի անարատությունը, կարեւոր է նաեւ նրանում ծաղկային հավաքի պարունակությունը:
  • Օրինակ, ակացիայի մեղրը պատկանում է լավագույն մեղրի տեսակների շարքին: Որպես ընդհանուր կազդուրող միջոց օգտագործվում է անքնության, աղեստամոքսային, լեղապարկի եւ երիկամների հիվանդության դեպքում:
  • Լորենու մեղրն առավել բարձրորակ է եւ ունի մեծ պահանջարկ: Այն քաղցրահամ, հաճելի բույրով, բաց դեղին, արագ բյուրեղացող մեղր է, որը տարբերվում է վառ արտահայտված սննդարար, բուժիչ, հակամանրէային հատկությամբ, ունի խորխաբեր, հակաբորբոքային եւ թեթեւ լուծողական ազդեցություն։ Օգտագործվում է անգինայի, հարբուխի, բրոնխիտի, ինչպես նաև՝ որպես սրտի աշխատանքը կարգավորող միջոց։ Թարախային վերքերի, այրվածքների դեպքում այն օգտագործվում է արտաքին բուժման նպատակով։
  • Դաշտային մեղրը նույնպես համարվում է մեղրի լավագույն տեսակներից։ Մեղրի գույնը տարբեր եւ փոփոխական է՝ անգույնից մինչեւ ծիրանագույն դեղինը։ Այս մեղրն արագ բյուրեղանում է, ունի հաճելի բույր, քաղցր համ, հանգստացնում է նյարդային համակարգը, ունի արտահայտված հակամանրէային ազդեցություն։ Օգտագործվում է շնչառական ուղիների հիվանդության դեպքում։ Խորհուրդ է տրվում գլխացավի, անքնության, սրտխփոցի եւ ստամոքսի ցավերի դեպքում։
  • Արեւածաղկի մեղրը ոսկեգույն է, բյուրեղացման ընթացքում ստանում է բաց դեղնավուն գույն՝ կանաչավուն երանգով։ Քաղցրահամ է, անորոշ բուրմունքով։ Մեղրի այս տեսակը հաճախ է հանդիպում վաճառքում։ Շնորհիվ սննդարար եւ բուժիչ հատկությունների՝ այն ունի մեծ պահանջարկ։
  • Մրգային մեղրը ստացվում է ծաղկող մրգատու ծառերի ծաղկահյութից։ Թարմ մեղրն ունի թափանցիկ, դեղնավուն երանգ, իսկ բյուրեղացումից հետո դառնում է բաց դեղին, քաղցրահամ է, հաճելի բույրով։ Պարունակում է 45% ֆրուկտոզա եւ 31% գլյուկոզա։ Այն դասում են միծաղկանի մեղրի տեսակին, եթե նրա մեջ գերակշռում է խնձորենու, տանձենու, կեռասենու եւ այլ մրգատու ծառերի ծաղկափոշին։
  • Մանանեխի մեղրը հեղուկ վիճակում ունի դեղին գույն, իսկ բյուրեղացումից հետո ստանում է բաց դեղնավուն երանգ։ Մեղուներն այն հավաքում են մանանեխի մեծ, սպիտակ ծաղիկներից, ունի հաճելի բույր եւ քաղցր համ։ Սննդարար է, բուժիչ հատկություններով առատ եւ խորհուրդ է տրվում շնչառական ուղիների հիվանդության դեպքում։
  • Թութունի մեղրը թութունի մուգ շագանակագույն ծաղիկներից ստացված մեղրն է։ Այն դառնահամ է, բույրը մոտ է թութունի բույրին եւ բյուրեղանում է շատ դանդաղ։ Այս մեղրի բուժիչ եւ սնուցիչ հատկություններն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Ունի թույլ հակամանրէային ազդեցություն։
  • Անանուխի մեղրը քաղցրահամ է եւ անանուխի նուրբ բույրով։ Ունի բաց դեղին գույն, պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին։ Լեղամուղ է, ունի հանգստացնող, ցավազրկող, փքահան եւ հականեխիչ ազդեցություն։ Շնորհիվ իր սննդարար եւ բուժիչ հատկությունների, ունի մեծ պահանջարկ։
  • Մարգագետնի մեղրը ստանում են մարգագետնային ծաղիկների ծաղկահյութից՝ երիցուկ, ուրց, ծիտրոն, երեքնուկ, վայրի խորդենի, առվույտ, մեղվաթագ։ Գույնը լինում է բաց դեղինից մինչեւ մուգ դեղին, ունի հաճելի եւ քաղցր համ։ Առանձնանում է իր բարձր սննդարար եւ բուժիչ հատկություններով։ Ունի հակամանրէային ազդեցություն։ Եթե մեղրը մուգ դեղին գույն ունի, ուրեմն դրա մեջ գերակշռում է երիցուկի ծաղկահյութը։ Այն ունի փափկեցնող, հակաբորբոքային եւ ցավազրկող ազդեցություն։ Մարգագետնային մեղրի մեջ, հատկապես լեռնային, երբեմն գերակշռում է վայրի խորդենու ծաղկահյութը։ Այդ մեղրը առանձնանում է հաճելի համով, սննդարար եւ բուժիչ հատկություններով։
  • Բարբարիսի մեղրը դեղին է, անուշաբույր եւ նուրբ համով։ Դեռ վաղ ժամանակներից հայտնի է իր արյուն մաքրող բուժիչ հատկությամբ։

    Նյութի աղբյուրը՝ /www.aravot.am/

        Եթե հավանեցիք, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին և մշտապես ստացե՛ք օգտակար տեղեկություններ