Posted on

Ավելորդ կիլոգրամների կորստին ուղղված սննդակարգերը հղի կանանց համար անվտանգ են /med.news.am/

19574

Ավելորդ կիլոգրամների կորստին եւ ճնշումը նորմայում պահելուն ուղղված սննդակարգերը հղի կանանց համար անվտանգ են: Այս մասին նշված է AJPM ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները նշում են, որ ամերիկուհիների մեծամասնությունը, որոնք ծրագրում են երեխա ունենալ, տառապում են ճարպակալմամբ եւ հիպերտենզիայով: Վերջին տարիներին տարբեր հետազոտություններ են անցկացվում՝ հասկանալու համար, թե ինչպես են վնասակար սովորությունները, սննդակարգերը եւ անգամ ապագա մայրերի տրամադրությունը ազդում պտղի զարգացման եւ տարբեր հիվանդություններին  երեխայի նախահակվածության վրա:

Հասկանալու համար՝ հղի կանանց արդյոք պետք է սննդակարգ պահպանել, գիտնականները հետեւել են ԱՄՆ-ում բնակվող 300 ապագա մայրերի կյանքին: Նրանք տառապել են ճարպակալմամբ եւ կայուն բարձր ճնշմամբ: Մինչեւ հղիանալը նրանց մեծ մասը սննդակարգի է հետեւել եւ հիպերտենզիայի դեմ տարբեր դեղեր ընդունել, սակայն հղիանալուց հետո նրանց մի մասը այս միջոցներից հրաժարվել է:

Ստուգելու համար, թե սննդակարգին հետեւելը կամ հրաժարվելը եւ դեղեր ընդունելը կամ դրանցից հրաժարվելը ինչպես են ազդում հղիների կյանքի եւ պտղի զարգացման վրա, գիտնականները հատուկ ծրագիր են տեղադրել նրանց սմարթֆոններում, որոնք հղիության ընթացքում սննդակարգից չեն հրաժարվել: Ապագա ծննդկաններին ծրագիրն օգնել է դուրս չգալ «կալորիաների բյուջեի» շրջանակից եւ ճնշումը նորմայում պահել:

Մասնագետները պարբերաբար չափել են հղի կանանց քաշը եւ հետեւել են պտղի վիճակին: Պարզվել է, որ դիետայի հետեւած կանանց միջին քաշը 2-3 կգ-ով քիչ է եղել, քան այն մասնակիցներինը, որոնք հրաժարվել էին հղիության ընթացքում սննդակարգի վերահսկումից: Բացի այդ, բժիշկները ոչ մի տարբերություն չեն հայտնաբերել երեխաների մարմնի զանգվածում, նրանց օրգանիզմում ճարպի բաժնում եւ ծննդաբերության ժամանակ բարդությունների զարգացման հաճախականության մեջ:

Գիտնականների կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ սննդակարգերն, ընդհանուր առմամբ, չեն վնասում, այլ հակառակը՝ հղիության ժամանակ կնոջ օրգանիզմի աշխատանքը լավացնում են: Բժիշկները հույս ունեն, որ քաշի եւ ճնշման նվազեցման նման ծրագրերի տարածումն ու մասայականացումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել երեխաների մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրների զարգացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ /www.med.news.am/

    Եթե հավանեցիք, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին և մշտապես ստացե՛ք օգտակար տեղեկություններ